երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեր թշնամու ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք․ Փաստաբանների պալատի նախագահ

Մեր թշնամու ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք․ Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․

«Հարգելի´ հայրենակիցներ,

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է:

Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունել են բազմաթիվ պետություններ և իրականության դեմ չմեղանչող այդ երկրներն աշխարհասփյուռ հայերի հետ այսօր դատապարտում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին մեծագույն ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը:

Ժամանակակից Թուրքիան, ցավոք, այսօր շարունակելով նախնիների հանցավոր ուղին, ջանում է թաքցնել և խեղաթյուրել իրականությունը` դառնալով մեղսակից 109 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության:

Այսօր էլ թուրք-ադրբեջանական տանդեմը, խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի ներքո, բայց և անթաքույց, փորձում է շարունակել նախնիների կիսատ թողած գործը:

 

Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը:

Այսօր էլ իրավունքի և ուժի հավասարության համատեքստում, իրավունքն ընկրկում է ուժի գերակայությանը` աշխարհաքաղաքական շահերի պայքարում, և իրավական հանրությունն ականատես է լինում, թե ինչպես է իրավունքի ուժը գործում ըստ պատեհության:

Այսօր էլ՝ օրը ցերեկով և աշխարհի աչքի առաջ, թուրքական պետություններն ամեն կերպ փորձում են վերացնել հայկական հետքը Արևմտյան Հայաստանից, Արցախից և փափագում են տիրանալ նաև մեր հայրենիքի վերջին բուռ հողին:

Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք պետք է ձգտենք կերտել արժանապատիվ խաղաղություն: Մենք պետք է անկոտրում լինենք և հզորանանք, չմոռանանք Սահմանադրությամբ ամրագրված մեր նախնիների պատգամը և պատմական փաստերով թշնամուն ստիպենք առերեսվել իրականության հետ:

 Ունենալ արժանապատիվ խաղաղություն և հզոր հայրենիք, սա պիտի դառնա մեր հավատամքը»:

  • Կիսվել: