ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Մեր երեխաների գլխաքանակով մեդալի էր արժանացել». 18 զինվորների մահվան գործը դատաքննության փուլում է

«Մեր երեխաների գլխաքանակով մեդալի էր արժանացել». 18 զինվորների մահվան գործը դատաքննության փուլում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, նոյեմբերի 12-ին, տեղի է ունեցել գնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք:

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։

Թեպետ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում, սակայն զինծառայողների հարազատները պնդում են՝ նա մեղավոր է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Ծնողները վստահ են՝ հենց նրա սխալ հրամանի պատճառով են 18 տղաները զոհվել հոկտեմբերի 9-ին՝ Իշխանաձորի խաչմերուկում։

Զինծառայողները մինչեւ պատերազմը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմը սկսվելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։ Ողբերգական դեպքին ականատես է եղել նաեւ զինծառայող Արմեն Հակոբյանը, որի աչքի առջեւ է այրվել երկվորյակ եղբայրը։

Նրանց պատմելով՝ Անդրանիկ Վերանյանի հրամանով ստորաբաժանումը Հորադիզի շրջանից Տիլի գյուղ է տեղափոխվել։ Իշխանաձորում Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, որը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն է հրաման տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Կադրերում ստորաբաժանման տղաներն են՝ ողբերգական օրվանից մի քանի օր առաջ՝ կրկին ԱԹՍ–ից պաշտպանվելիս։

Դատարանում են զինծառայողների ծնողները, շատերը կորցրել են մինուճար զավակներին։

Աննա Իվանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու՝ Արթուր Խաչատրյանի հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 8-ին։ Մորը չէր ասել, որ Մեղրիից տեղափոխվել է Ջաբրայիլ։

«Մի գուցե իրենց նման հրաման էր տրված, բայց իրենց մարդկային խղճի գործոնը որտեղ էր։ Չէ՞ որ լցնում ու գիտակցաբար մահվան էին ուղարկում։ Այսօր ինքն ուզում է իր կաշին փրկել, բա տղամարդ չի՞ ինքը։ Դե թող իր մեղքը վերցնի իր վրա ու գնա նստի, իր պատիժը կրի։ Մարտի դաշտում չիր ու չամիչ չեն բաժանում, բայց մի քանիսը կպահպանվեին, ոչ թե լցնում են մի տեղ ու տրաքացնում երեխաներին»,- պատմեց Աննա Իվանյանը։

Վերանյանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գնդապետի կոչում է ստացել, դա զոհվածներին իրավահաջորդներին ավելի է վրդովեցրել։

«Մեր երեխաների գլխաքանակով մեդալի էր արժանացել։ Ամեն մեկս մի տղա ունեինք, մեր տան դռները փակ մնացին։ Չեն գիտակցում, որ գենոցիդ էր սա։ Գիտեն՝ իրենք այդպես հանգիստ պետք է ապրեն ու վայելեն իրենց կյանքը։ Վաղը թուրքը կգա, կմտնի, իրենց կվերացնի, 2 աղջիկ ունի, կդառնան նրանց հարճերը։ Մի անգամ էլ խոսեցինք, ասաց՝ մամա, մի հատ էլ սխրանք գործեմ, ուսման վարձերս կես կլինեն։ Արդար դատ եմ ուզում։ Վառեն իրեն, ես տեսնեմ, որ ինչպես մեր երեխաներին լցրեց ու վառեց անխիղճ ձեւով։

Ինքը պարտավոր է ընդունել իր մեղքը, իր խղճի առաջ ինքը գոնե պիտի պատասխան տա։ Եթե ինքը չի վերցնում, ուրեմն իր մեջքի հետեւում ինչ-որ մեկը կա, որը բացահայտված չէ։ Ինքը ամենամեծ հանցագործն է, ցեղասպան է, հասկանո՞ւմ եք։ Ես կորցրել եմ իմ կյանքի իմաստը՝ կորցնելով իմ միակ տղային։

Մենք շատ պատահական ձեւով նույնիսկ լսել ենք այդ ամեն ինչը, որից այսօր իմ ընտանիքը քայքայված է։ Կինս սարսափելի վիճակում է, հոգեկան… մինչեւ օրս նա հիվանդանոցներում է։ Մենք ոչինչ չենք տեսել։ Մինչեւ օրս էլ չունենք ԴՆԹ-ի պատասխան պետության կողմից։ Առանց ԴՆԹ-ի ինչպե՞ս են մեզ ներկայացրել»,- ասաց Աննա Իվանյանը։

Իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերանյանը պետք է կալանքի տակ մնար. «Պաշտպանի խոսքերը, որ գիտեք ինչ վերջիվերջո ղեկավար է, սա դեպի գործադիրը սլաքներն ուղղելու խնդիր է։ Սա գործադիրի տարբերակումն է եւ շարունակական ճնշումը դատարանների վրա»։

Դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող սպան՝ Խորեն Մելիքյանը։ Զինվորականը հուզված էր, ասում էր՝ երկրորդ ընտանիքն է կորցրել, բոլորը մահացել են իր աչքի առջեւ. «Ոչ մեկին գաղտնիք չի, որ այդ ստորաբաժանումը եղել է մի ընտանիք, ես իմ ընտանիքից չեմ տարբերել։ Շատ ցավալի է, այդ ամեն ինչը եղել է իմ աչքի առաջ»:

  • Կիսվել: