չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մելոյանն ու Էլիբեգովան տարակուսած են՝ ինչու՞ էին հայտնվել ԱԱԾ-ում

Մելոյանն ու Էլիբեգովան տարակուսած են՝ ինչու՞ էին հայտնվել ԱԱԾ-ում

Ինձ համար այս պահին անհայտ է, թե ես կամ Անժելա Էլիբեգովան ինչպես կարող ենք ընդհանրապես այս շենքում հայտնվել: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սահմանդրագետ Գոհար Մելոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նա և Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան բերման էին ենթարկվել ԱԱԾ:

Այսպես՝ Մելոյանը նշեց. ՛՛Պառլամենտարիզի զարգացման միջազգային կենտրոն՛՛ ՀԿ-ում, որտեղ մենք աշխատում ենք, քննչական գործողություն է տեղի ունեցել, խուզարկություն: Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչները հրաժարվեցին ինձ ներկայացնել որոշումը, ինչպես հասկացա՝ այն դատարանի որոշում չէր: Քանի որ չեմ ծանոթացել որոշմանը, չեմ կարող ասել՝ կոնկրետ ի՛նչ գործի շրջանակում էր իրականացվում խուզարկությունը: Մի շարք առգրավված անձնական իրեր կան: Ամբողջովին ուսումնասիրվեցին առկա հաստափոր թղթապանակները, որտեղ մեծամասամբ իրենց հետաքրքրող նյութ չկար: Համակարգիչներ են առգրավել՛՛:

Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև կարգավիճակը գործի շրջանակներում: ՛՛Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ հստակեցված չէր գործերի շրջանակը: Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը սրընթաց կերպով բռնատիրության վերածվեց: Մեր կազմակերպությունը նորաստեղծ է, անհայտ կամ կասկածելի միջազգային աղբյուրներից ֆինանսական միջոցներ չկան, ուստի որևէ կերպ հասկանալի չէ մեր կազմակերպության հետ կապված նմանաբնույթ գործողությունների իրականացումը՛՛:

Լրագրողների հետ զրուցեց նաև Անժելա Էլիբեգովան, նա ասաց, որ չգիտի, թե ինչու է եղել ԱԱԾ-ում: ՛՛Ես բացարձակ գաղափար չունեմ՝ ինչ է կատարվում իմ շուրջ, ինչու եմ հայտնվել ԱԱԾ շենքում, առգրավված են իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը: Համակարգչում կա շատ կարևոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործութունների վերաբերյալ, որոնք պետք է փոխանցեի ՄԻՊ-ին՛՛,-նշեց Էլիբեգովան:

  • Կիսվել: