Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Դատարանը կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»,–գրել է Բաբայանը։
Նա նշել է, որ որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Աղրամանյանը։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։