երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության վերադարձի իրավունքն անքննելի է։ Վիլեն Գաբրիելյանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․  

-Պարոն Գաբրիելյան, մայիսը հայոց պետականության և հայ ժողովրդի կյանքում առանձնահատուկ դեր ունի` պայմանավորված մի շարք բեկումնային իրադարձություններով, որոնցից մեկը Շուշիի ազատագրումն է։ Ինչպիսի՞ն է օրվա խորհրդի Ձեր ընկալումը։

-Մայիսը իրավացիորեն բեկումնային է վերջին հարյուրամյակի հայոց պատմության մեջ՝ առաջին հերթին պետականաշինության, պայքարի և արդարության վերականգնման առումով։ Ես նկատի ունեմ ինչպես 1918թ. Մայիսյան հերոսամարտերը, որոնք ընկան Հայաստանի առաջին հանրապետության ակունքներում, այնպես էլ նացիզմի դեմ հաղթանակը, որում հայ ժողովուրդը իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել, և, իհարկե, Շուշիի ազատագրումը, որը տվյալ պահին արդեն երիցս ենթարկվել էր հայաթափման ադրբեջանական իշխանությունների կողմից։ Օրվա խորհուրդն ինքնին եռաչափ է` պետականաշինություն, պայքար և արդարություն, որոնք փոխկապակցված են, պայմանավորում են միմյանց և դրանցից որևէ մեկի բացակայությունը թուլացնում է ցանկալի արդյունքի հնարավորությունը։

-Դուշ նշեցիք, որ Շուշին ազատագրման պահին հայաթափված էր։ Այսինքն, փաստացի ընթացքի մեջ էր հայության նկատմամբ ևս մեկ էթնիկ զտում։

-Շուշիի հայ բնակչությանը դեռևս նախորդ դարից վիճակված էր շատ այլ հայկական երկրամասերի ու բնակավայրերի նման կրել ադրբեջանական ջարդարարության ողջ ծանրությունը։ Անհրաժեշտ է վերհիշել, որ 1920 թվականի Մուսավաթական Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության ճարտարապետներից մեկը` Խոսրով բեկ Սուլթանովը, իսլամական Նովրուզ տոնի պատրվակով հսկայական կանոնավոր բանակ և ավազակային անկանոն խմբեր շարժեց փաստացի անպաշտպան Շուշիի հայ բնակչության դեմ` կրակի մատնելով հայերի տները և անդադար հրետակոծության ենթարկելով անգամ փախուստի ճանապարհը դեպի Քարինտակ։ Շուշիի ավելի քան 23 հազար հայ բնակչությունը կամ դարձավ կրակի ու սպանդի զոհ, կամ ստիպված եղավ մազապուրծ փախուստի դիմել։ 1921 թվականի դրությամբ Շուշիում հաշվառվել է ընդամենը 289 հայ, որոնց կացությունը ևս խիստ վիճահարույց է։ Սա Շուշիի հավաքական հայության առաջին խոշորամասշտաբ էթնիկ զտումն էր` 1905֊1906 թթ. կոտորածներից հետո։ 1988֊1989 թթ. Շուշին ևս մեկ անգամ ենթարկվեց հայաթափման, որը 1988֊1992 թթ. հայության նկատմամբ ադրբեջանական համակարգային ագրեսիայի դրվագներից մեկն էր։ Հետևաբար, 1992 թ. Շուշիի ազատագրումը ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի պատմական հանցանքների ու անարդարության, հայ ժողովրդի կենսական էթնո֊մշակութային և հոգևոր֊ազգային գոյության բնականոն ապահովման իրողություն էր։ Եկեք չմոռանանք, որ, Շուշիի բարձր դիրքն օգտագործելով, ադրբեջանական զորքերը՝ որպես ամենաիսկական ահաբեկչական ստորաբաժանումներ, հրետակոծում էին Ստեփանակերտը և բազմաթիվ բնակավայրեր: Որևէ մեկը հարցրե՞լ է Ադրբեջանի օրվա իշխանություններին, թե ո՞րն էր խաղաղ բնակավայրերի հրետակոծության պատճառը, եթե ոչ հայության ֆիզիկական բնաջնջումն ու հարկադիր տեղահանումը և առհասարակ կյանքի հետ անհամատեղելի պայմանների ստեղծումը։ Հետևաբար, Շուշիի ազատագրումը նշանակում էր, որ շրջակայքի հայությունը կապրի առանց գոյութենական սպառնալիքի, ինչն անհնար է ադրբեջանական սվինների ներքո։ 

 

-Պարոն Գաբրիելյան, 2020 թ. Շուշին փաստացի ևս մեկ անգամ հայաթափվեց։ Նախապես թվում էր, թե հնարավոր կլինի ապահովել ինչպես Շուշիի, այնպես էլ ադրբեջանական վերահսկողության տակ անցած մյուս բնակավայրերի հայության վերադարձը, սակայն դա տեղի չունեցավ։ Այսօրերբ հայաթափված է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Շուշիի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի առումով։

-Ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի, այդ թվում՝ Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Սակայն ինչպես հայտարարության մյուս բոլոր կետերը, այնպես էլ այս կարևորագույն կետը, չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Ընդհակառակը՝ Ադրբեջանը սկսել է միակողմանի բնակեցման գործընթաց։ Ինչպես Շուշիի, այնպես էլ Լեռնայի Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայ փախստականության խնդիրը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններից հետո իրականացված էթնիկ զտումը հանգեցրեց փախստականության նոր ալիքի․  շուրջ 150 հազար հայ փախստականների մեջ կան կրկնակի և նույնիսկ եռակի տեղահանված անձինք։ Այսինքն, մարդիկ բնակվել են Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և 1988-1992 թթ․ ենթարկվել են էթնիկ զտման,  ապա բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, որտեղից 2020 թ․ մեկ անգամ ևս տեղահանվել են և հաստատվել հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում, որտեղից 2023 թ․ ենթարկվել են փաստացի երրորդ տեղահանմանը։ Նման իրողությունը վառ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի նպատակը հայ տարրի իսպառ բացառումն է բոլոր այն տարածքներից, որոնք գտնվում են կամ կարող էին գտնվել ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Ինչ վերաբերում է վերադարձի հեռանկարին, ապա, վերհիշելով գոնե թե անցած մեկ դարի իրողությունները, որոնք չի կարելի այլ կերպ բնորոշել, քան Ադրբեջանի կողմից հայության և հայկականության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն, կարող ենք վստահ պնդել, որ այդ վերադարձը կարող է տեղի ունենալ միայն և միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում։ Ընդ որում, խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի հայությանը չի վերաբերում, այլև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությանը նույնպես, որի պատմական, էթնո-մշակութային ներկայությունը պատմական այս երկրամասերում մեկ դարից էլ քիչ ժամանակահատվածում ամբողջությամբ զրոյացվեց։ 


-Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության վերաբերյալ մենք, կարծես թե, գործ ունենք ինչպես բռնի տեղահանումների, այնպես էլ տեղի հայության թվաքանակի նվազմանն ուղղված սքողված քաղաքականության հետ։ Ինչպե՞ս և ե՞րբ է դա արտահայտվել։

-Այո՛, բռնի տեղահանումները միակ միջոցը չեն, որ ադրբեջանական տարբեր վարչակարգեր ունեն իրենց գործիքակազմում հայության ֆիզիկական ներկայությունը զրոյացնելու համար։ Նախորդ դարի սկզբից տեղային ջարդերից, կոտորածներից և տեղահանումներից բացի ադրբեջանական բոլոր վարչակարգերն, առանց բացառության, սկսած մուսավաթական կառավարությունից՝ մինչ մերօրյա բացարձակապետական ռեժիմ, կիրառել են հայության ֆիզիկական, տնտեսական, հոգեբանական ճնշման տարբեր մեխանիզմներ, ինչը մասնավորապես խորհրդային շրջանում «սողացող ազգայնականության» պայմաններում հանգեցրել է հայության հարկադիր արտագաղթին։ Խոսքը մասնավորապես Նախիջևանի և Գարդմանի մասին է, որտեղ տեղային ազգային-մշակութային պատկերը շատ ավելի խորը և ամուր հիմքեր ուներ։ Ընդ որում, անհրաժեշտ է շեշտել այն հանգամանքը, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Լեռնային Ղարաբաղի մոտ 150 հազար բնակչությունից, որի բացարձակ մեծամասնությունը հայեր էին, 32 %-ը զորակոչվել է բանակ, ցուցանիշ, որը շուրջ հինգ անգամ գերազանցում է Խորհրդային միությունում զորակոչի միջին ցուցանիշը։ Եվ սա այն պարագայում, երբ Ադրբեջանի նախկին առաջնորդները նացիզմի ռասիստական վերնախավի հետ համագործակցության սեղանի շուրջ էին նստում։ Եկեք չմոռանանք նաև, որ պատերազմի հայազգի մարշալներից Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը ծնվել են Գարդմանում՝ Խաչինսար գյուղում, Արմենակ Խամփերյանցը Շուշիի Մեծ Թաղեր գյուղում։ Այսինքն, և՛ վերոնշյալ մարշալները, և՛ բազմաթիվ գարդմանցի, ղարաբաղցի և նախիջևանցի զինվորականներ և զորահրամանատարներ իրենց անչափելի ավանդն են ունեցել արդարացի և իրավահավասար աշխարհի ստեղծման և նացիզմի նման արատավոր գաղափարախոսության ոչնչացման համար։ Մինչդեռ այսօր նրանց սերունդները զոհը դարձան նմանատիպ արհավիրքի։ Ադրբեջանը նացիզմի հետ համագործակցողից վերածվեց նացիզմը վերարտադրողի՝ կրելով ցեղասպանության ողջ մեղքը, բայց այսօրվա դրությամբ՝ ոչ ամբողջ պատասխանատվությունն ու անհրաժեշտ պատիժը։ 

 

-Պարոն Գաբրիելյան, Շուշին, այնուհանդերձ,  այսօր ադրբեջանական քարոզչության կիզակետում է, և, եթե նախկինում այն ներկայացվում էր որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, ապա այժմ այն հռչակվել է որպես իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Ի՞նչ կարող եք ասել այս առումով։

-Նման քաղաքականությունն ամենևին խորթ չէ Ադրբեջանին։ Սա յուրացման և այդ գործընթացի միջոցով այլախեղման ու նենգապղծման փայլուն դրսևորում է։ Մինչ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը և հայության էթնիկ զտումն Ադրբեջանում կային բազմաթիվ քաղաքներ, որոնցից որևէ մեկը չի հռչակվել իսլամական մշակութային մայրաքաղաք, սակայն այժմ Ադրբեջանի նախագահը և իր շրջապատը, կարծես, «դարձի» գալով հիշել են իսլամական մշակույթի և դրա հանրահռչակման անհրաժեշտության մասին, սակայն այդ «բարեպաշտ մուսուլմանական» ձգտումը իրացվում է բացառապես հայկական ներկայությունը արմատապես ջնջելու և վերացնելու միջոցով։ Նման «բարեպաշտությամբ» ադրբեջանական ցեղասպան վարչակարգը միանգամից երկու խնդիր է լուծում․ ոչնչացնում, յուրացնում, պղծում է հայկականության ցանկացած դրսևորում՝ սկսած գերեզմաններից մինչև եկեղեցիներ և ազգային-մշակութային-քաղաքական շինություններ, երկրորդ՝ փորձում է արմենոֆոբիայի թակարդը գցել այլ պետությունների ևս: Ադրբեջանը փորձում է «իսլամական քաղաքակրթություն» ստեղծել այնտեղ, որտեղ գտնվում են երկրամասի քրիստոնեության ակունքները։ Նման քստմնելի քայլերը պետք է անհրաժեշտ արձագանք գտնեն պատկան միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից։

  • Կիսվել: