շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրակոցներ «Լեքսուս»-ի ուղղությամբ. 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրակոցներ «Լեքսուս»-ի ուղղությամբ. 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Հունվարի 16-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել են կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի:

 

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց նշված վայր: Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ:

Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, որ անհայտ անձը կրակոցներ էր արձակել բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն էր:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 4 պարկուճ և գնդակի միջուկի զանգվածի նմանվող 2 առարկա:

Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ մեքենայատիրոջ ուղղությամբ իր մոտ պահվող հրազենից կրակել էր մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 38-ամյա բնակիչը:

Նրան հայտնաբերելու միջոցառումները, սակայն, մի քանի օր արդյունք չտվեցին, և 38-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հունվարի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Շենգավիթի բաժին` բերելով նաև հանցագործության գործիք «ԱԿ-74» տիպի առանց գործարանային համարի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ և փամփուշտներ:

Ինքնաձիգը ներկայացվել է քննչական բաժին:

Նշանակվել է փորձաքննություն: Արարքի դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: