երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացել է որպես պետական անկախ ինստիտուտ. Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացել է որպես պետական անկախ ինստիտուտ. Հայկուհի Հարությունյան

Շարունակվում է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն իր ելույթում նշեց՝ 2019 թվականի նոյեմբերին՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, խորհրդարանում իր ելույթի ժամանակ, այնուհետ՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, տարբեր միջազգային կազմակերպություններին տված իր հարցազրույցներում ընդգծել է՝ մենք ցանկանում ենք կառուցել նոր Հայաստան, ոչ թե այնպիսին, որտեղ ապրել են մեր ծնողները, այլ այնպիսի Հայաստան, որտեղ բարձրագույն կրթություն ստանալը հնարավոր կլինի սեփական գիտելիքների և ոչ թե այն կարողության դիմաց, որին տիրապետում է քո հայրը, հորեղբայրը կամ քեռին:

«Նման հավակնություն ունենալու և այն իրագործելու համար ես մենակ չէի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից անմիջապես հետո նոր ձևավորված Կառավարության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես նոր Հայաստանի իր բնութագրիչ, հետևյալ գրառումը կատարեց՝ «Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Պարզապես ևս մեկ փաստ նոր Հայաստանի մասին»»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ 4 տարի անց ինքը եկել է վստահ ասելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացել է որպես պետական անկախ ինստիտուտ, կայացել է որպես Կառավարության հակակոռուպցիոն բարեփոխում՝ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման հանձնառություն:

Հարությունյանը վստահեցրեց՝ հանձնաժողովը գործել է անկաշկանդ, իր գործունեությանը միջամտություններ, ճնշումներ չի հանդուրժել, ապահովել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ձեռքբերումներ և այնպիսի կանոնների անաչառ, համարձակ կիրառում, որոնք այլ պետական մարմինների՝ դատարանների, դատախազության, ԲԴԽ-ի, Հակակոռուպցիոն նոր կոմիտեի՝ որպես պետական մարմինների փոփոխության կամ նորովի ձևավորման հիմք են դարձել:

Իր ելույթում Հարությունյանը ներկայացրեց հաջողության 4 պատմություններ նախորդ 4 տարիներից, ընդգծեց՝ 4 տարի անց ԱԺ ամբիոնից իր ելույթը վերահաստատումն է այն պատրաստակամության, որ ինքը ցանկանում է շարունակել ժողովրդավարական արժեքների բաց և կոռուպցիայի կանխարգելման օրակարգը:

  • Կիսվել: