երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կիրանցում անվադող ծակելու համար մեղադրվող տղամարդու տնային կալանքը չերկարաձգվեց. փաստաբան

Կիրանցում անվադող ծակելու համար մեղադրվող տղամարդու տնային կալանքը չերկարաձգվեց. փաստաբան

Դատարանը չի երկարաձգել Կիրանցում մեքենայի «անվադողը ծակելու» գործով մեղադրվող տղամարդու կալանքի ժամկետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան, «5 իրավապաշտպան» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, մերժեց «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» (խուլիգանության 3-րդ մաս) մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը»:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կիրանց բնակավայրի մոտ ավտոմեքենայի անվադողերը դանակով վնասելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 39-ամյա բնակչին։

Նա մեղադրվում էր ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Կիրանց վարչական տարածքում Երևանից դեպի Կոթի ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվադողը դանակով վնասելու համար:

39-ամյա տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության հոդվածով: Դատարանի կողմից որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

  • Կիսվել: