երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խրախուսում ենք ՀՀ իշխանություններին՝ կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ-ն շտկել է իր նախորդ հայտարարությունը

Խրախուսում ենք ՀՀ իշխանություններին՝ կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ-ն շտկել է իր նախորդ հայտարարությունը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկել են ավելի վաղ իրենց հրապարակած հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։

Հիշեցնենք, որ համանախագահների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Հայաստանի Սահմանադրությանը օրենքի նախագծերի համապատասխանությունը ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու պահանջը ստուգելու:

Ի լրումն այլ բաների, սա կփոխի ինքնին Սահմանադրության փոփոխության կարգը: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունը, որի նպատակն է, ըստ երևույթին, դադարեցնել Սահմանադրական դատարանի ներկայիս անդամներից մի քանիսի պաշտոնավարման ժամկետները՝ անհապաղ ուժի մեջ մտնելու սկզբունքով, քննարկման է ներկայացվել:

Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկված փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առումով բարձրացված որոշ հարցեր՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցով փորձագիտական մարմնի կարծիքն ստանալու նպատակով: Կարծում ենք, որ այդ կարծիքը, որը հնարավոր կլիներ արագ ընդունել անհապաղ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների, եթե հանրաքվե անցկացվի»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը քվեարկության դնելու մասին որոշումը:

  • Կիսվել: