«Խնդրահարույց լուրջ իրավիճակ է»․ Սիմոն Բաբայանը՝ փաստաբանների հարկերը բարձրացնելու նախագծի մասին
Անգամ Փաստաբանների պալատին հատուկ չէին տեղեկացրել, որ այս նախագծում կատարվում է համապատասխան փոփոխություն և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նշենք, որ փաստաբաններն այսօր գործադուլ են անում հարկերի բարձրացման դեմ։ Խնդիրն այն է, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է բարձրացնել փաստաբանների հարկերը։
«Պետությունն ինքնին ունի պարտականություն ապահովել իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել այդ հարթակից։ Այս նախագծի կիրառման արդյունքում տեղի է ունենալու հետևյալը՝ իրավաբանական ծառայությունների, մասնավորապես, փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է՝ 38 և ավելի տոկոս թանկացում։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ինքնարժեքի համար վճարել ավելին։ Մենք մոտ 250 հազար գործ ունենք միայն դատարաններում։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է սա»,- նշեց Սիմոն Բաբայանը։
Անդրադառնալով փաստաբանական գործունեության տեսանկյունից՝ Բաբայանն ասաց, որ այդ նախագծի ընդունման պարագայում փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային վաշվառումը իրականացնել բարդ ընթացակարգով, որը, ըստ նրա, խնդրահարույց է․ «Այս օրենքի կիրառման արդյունքում երբեմն կարող է անհնար լինել անվճար իրավաբանական ծառայության մատուցումը, որովհետև այդ դեպքում էլ փաստաբանը ստիպված է լինելու այդ հարկը վճարել»։
Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ այդպիսով բեռն ընկնելու է ֆիզիկական անձանց վրա․ «Ծառայության սպառողը հիմնականում քաղաքացիներն են։ Եթե քաղաքացին ավելացված արժեքի հարկ վճարող չի, ավտոմատ նա պետք է 20 տոկոս ավելի վճարել, եթե ծառայության սպառողն իրավաբանական անձն է, և նա վճարում է ավելացված արժեքի հարկ, նա հաշվանցելու հնարավորություն է ունենում և իր համար դա լինելու ավելի մատչելի այդ ծառայությունը»։
Նրա խոսքով՝ սրանք իրավական լուրջ խնդիրներ են․ «Կարծում եմ, որ լուրջ խնդրահարույց իրավիճակ է, որն էլ ստիպվում է, որ մենք բարձրաձայնենք այդ մասին»։