երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խախտումներ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում

Խախտումներ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են եւ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Վեր են հանվել հետեւյալ հիմնական խնդիրները.

պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ եւ անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ եւ այլն,

տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները,

տրամադրվող սննդի քանակական եւ որակական չափանիշներն անբավարար են,

անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը,

արձանագրվել են ժամկետանց դեղեր եւ բժշկական պարագաներ, ինչպես նաեւ առանց պիտանելիության ժամկետի դեղեր,

պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,

բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության եւ այլընտրանքային բուժման հնարավորությունը,

անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ,

առկա են խնդիրներ հոժարակամ եւ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,

բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը եւ չափորոշիչները,

առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,

անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման եւ այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,

առկա է հոգեբուժական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի եւ սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով,

պետք է նախատեսել անհրաժեշտ եւ բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար,

 եւ այլն:

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս եւ աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ եւ արդեն իսկ ձեռնարկված որոշակի քայլերը, օրինակ այլընտրանքային զինվորական ծառայողները այգիներ են մշակում դիսպանսերի տարածքում, որի բերքից օգտվում են նաեւ պացիենտները, պատշաճ իրականացվում է թափոնների խոտանման կարգը եւ այլն:

Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը:

Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաեւ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատաողների աշխատանքային պայմանների եւ սոցիալական երաշխիքների բարելավման կարեւորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

  • Կիսվել: