Կբարձրանա ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը. ՔՊ
ՔՊ-ն անդրադարձել է ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
ՔՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Օրենսդրական նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։
Նախագծերի փաթեթով մասնավորապես՝
- վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.
- հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր զուգընկեր հասկացությամբ.
- որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).
- վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման ժամկետները, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.
- ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.
- առաջնային բուժօգնության փոխարեն՝ օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
- սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար.
- վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ ներառել սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը.
- վերանայվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները.
- սահմանվել են ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ).
- նոր կարգավորում է նախատեսվել ՀՀ քրեական օրենսգրքում՝ հետամտման համար: