կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարգավորումներ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց խուզարկությունն իրականացնելու գործընթացի հետ կապված․ «Փաստ»

Կարգավորումներ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց խուզարկությունն իրականացնելու գործընթացի հետ կապված․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2009 թ. ապրիլի 2-ի N 351-Ն որոշման մեջ: Պայմանավորված 2021 թ. հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի նոր իրավակարգավորումներով, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանության կողմից ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումը և պահպանման իրականացման ընթացակարգը համապատասխանեցնել գործող քրեադատավարական կարգավորումներին:

Ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների պարտականությունները սահմանված են թիվ 351-Ն որոշման 3-րդ գլխում, որի 3031-րդ կետերում ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու մասով նշված է, որ այն կատարվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Ուղեկցվող, ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ՁՊՎ-ներ և քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը, ինչպես նաև այդ իրերն ուղեկցման ընթացքում փախուստի կամ ինքնավնասում կատարելուն և այլ հանցավոր մտադրություններին ծառայեցնելը բացառելու նպատակով:

Գործնականում անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցողների և ՁՊՎ /ՔԿՀ ծառայողների կողմից համատեղ: Նույն որոշման, ինչպես նաև կառավարության 2008 թ.-ի հունիսի 5-ի «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 574-Ն և կառավարության 2023 թ.-ի ապրիլի 13-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցում ներառված չէ ինչպես ուղեկցվող, այնպես էլ ՁՊՎ-ում և ՔԿՀ-ում պահվող ձերբակալված և կալանավորված անձանց համապատասխան ծառայողների կողմից անձնական խուզարկության ենթարկելու քրեագիտական մարտավարությունը (տակտիկան):

Անձնական խուզարկությունը համապատասխան ծառայողների կողմից իրականացվում է ձևավորված պրակտիկայի ուժով, և նշված հարցի իրավական կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել ձերբակալված և կալանավորված անձանց անձևական իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև՝ մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որն էլ, իր հերթին, կարող է ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման փորձերի պատճառ դառնալ:

Նշվում է, որ անհրաժեշտ է գործող որոշման մեջ առկա մի շարք ձևակերպումներ համապատասխանեցնել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր իրավակարգավորումներին և «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետի գ. Ենթակետին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: