ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կան բաներ, որոնք չպետք է տեղ գտնեին Ընտրական օրենսգրքում. Մուկուչյան

Կան բաներ, որոնք չպետք է տեղ գտնեին Ընտրական օրենսգրքում. Մուկուչյան

՛՛Հրապարակը՛՛ տեղեկություններ ունի այն մասին, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ընդունված նախագծի շուրջ ԿԸՀ-ն լուրջ առարկություններ է ներկայացրել։

Ընդունել են դրանք, թե ոչ, կայքը փորձել է պարզել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից։

-Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դուք մատնանշել, ձեր առաջարկություններն ու առարկությունները որ դրույթներին են վերաբերում։

-Տարբեր դրույթների հետ կապված, որովհետև էստեղ նախագիծ է, որը վերաբերում է Ընտրական գործընթացի տարբեր փուլերին։ Ընդհանրապես, պետք է նայենք հետևյալը, որ ընտրական օրենսդրության փոփոխության առումով մենք միշտ գործ ենք ունենում երկու խումբ խնդիրների հետ։ Առաջին խումբ խնդիրները դա, ասենք, այս կամ այն ինստիտուտի վերաբերյալ քաղաքական մոտեցում դրսևորելն է։ Օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ընտրակարգը, դա, բնականաբար ԿԸՀ գործառույթ չի հանդիսանում։ Բայց օրենսգրքում, արդեն երբ դա իրացվում է, դրանից հետո առաջանում է խնդիր, որպեսզի այդ դրույթներն իրենցում ունենան այնպիսի բավարար հստակություն և լիարժեք կարգավորեն ամբողջ հարաբերությունները, որպեսզի հետագայում պրակտիկ կիրառության հարթության մեջ չառաջացնեն խնդիրներ։

-Նախնական տեղեկությամբ՝ ԿԸՀ-ն առարկություններ է ներկայացրել վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ հոդվածի, սոցիալական ծրագրերի իրականացման հոդվածի և այլ հոդվածների վերաբերյալ։

-Խնդիրը հետևյալն է․ ոչ թե պետք է ձևակերպենք, որ ԿԸՀ-ն առարկում է այս կամ այն ինստիտուտի դեմ, այլ այդ ինստիտուտների հետ կապված՝ ներկայացնում է առանձին առաջարկներ, թե ինչպես է պատկերացնում այդ խնդիրների կարգավորումը, իսկ առանձին նորմերի վերաբերյալ որտեղ, օրինակ, կան իրավակարգավորումներ, որոնք, մեր կարծիքով, ամբողջական չեն, լիարժեք չեն կամ իրավահարաբերությունները լիարժեք չեն կարգավորում, կամ կան բաներ, որոնք, մեր կարծիքով, նույնիսկ չպետք է տեղ գտնեին Ընտրական օրենսգրքում, դրանց հետ կապված ներկայացվել են նաև որոշակի առարկություններ։

-Ընդունվե՞լ են իրենց կողմից այդ առարկությունները։

-Դրանք քննարկման փուլում են, բնականաբար, մենք առիթ ունեցել ենք մեկ-երկու աշխատանքային հանդիպում ունենալու, բայց մինչև վերջ նույնիսկ չենք էլ հասցրել քննարկել։

-Եթե դեռ քնարկման փուլում է, ինչպե՞ս են ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

-Գիտե՞ք, խնդիրը հետևյալն է․ հիմա ներկայացվել են աաջարկություններ, կա պատրաստի նախագիծ, ու դա ներկայացվել է նաև միջազգային փորձագիտական կարծիքի։

-Այսինքն՝ վերջնական նախագիծը, որը ներկայացվել է Վենետիկի ահնձնաժողով, Դուք տեսե՞լ եք՝ ինչ տեսքով է ուղարկվել։

 

-Ես կարծում եմ, որ դա հենց այն նախագիծն է, որի վերաբերյալ նաև մենք մեր առաջարկություններն ենք ձևակերպել։

-Հենց դա եմ հարցնում՝ այդ առաջարկություններն ու առարկությունները ներառվե՞լ են Վենետիկ ուղարկած վերջնական տարբերակում, թե՞ անտեսել են ձեր առաջարկությունները։

-Չէ, անտեսման մասին ստեղ խոսք չկա, որովհետև այդ առաջարկություններով պայմանավորված՝ աշխատանքային քննարկումներ են եղել, և կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն նման քննարկումներ։

-Պարոն Մուկուչյան, նորից հստակեցնեմ հարցս, միջազգային փորձագիտական կարծիքի ուղարկված նախագծում ներառվե՞լ են Ձեր առաջարկություններն ու առարկությունները։

-Կդժվարանամ ամբողջական պատասխանել այդ հարցին, թե ինչ ծավալով են դրանք իրացվել արդեն, բայց, ամեն դեպքում, մեր կողմից այդ առաջարկները արվել են։ Նույնիսկ առանձին աշխատանքային քննարկումների արդյունքում կային բաներ, որոնք նախագծի հեղինակների կողմից ընդունելի են համարվել։ Բայց դրանք արդեն իսկ իրացվել են նախագծում, թե իրացման փուլում են գտնվում, մի քիչ կդժվարանամ ասել։

-Իսկ ժամկետների առումով, եթե նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա և ԱԺ-ն էլ ընդունի նոր օրենսգիրքը, դուք մինչև հունիսի 20-ը՝ նախնական հայտարարված ընտրությունները, կհասցնե՞ք այդ փոփոխությունները կյանքի կոչել։

-Էս փուլում կդժվարանամ որևէ դատողություն անել էդ կապակցությամբ, բայց պետք է, ամեն դեպքում, նկատի ունենալ մի հանգամանք, որ ցանկացած փոփոխություն՝ անկախ դրա կարևոր նշանակությունից, անկախ դրա բովանդակային ծանրաբեռնվածությունից, ինքը պետք է իրականացվի և իրացվի այն հաշվարկով, որպեսզի դա հնարավոր լինի լիարժեք կյանքի կոչել՝ հաշվի առնելով ընտրական գործընթացի բոլոր առանձնահատկությունները, որպեսզի այդ նորմերի վերաբերյալ բավարար իրազեկ լինեն ընտրական գործընթացի մասնակիցները։

-Իսկ եթե չեն հասցնո՞ւմ։

-Դե, եթե չեն հասցնի, բնական է, մենք գործընթացները կազմակերպելու եք գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներով։

 

 

  • Կիսվել: