Վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառման ժամանակ քրեական գործը դեռ հարուցված չի եղել. Ծառուկյանի փաստաբան
Դատարանում Ծառուկյանի փաստաբանը փորձել է հիմնավորել, որ գործն ապօրինաբար է քննվում ԱԱԾ-ում: Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ընտրակաշառքի հոդվածով գործը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պետք է քննվի միայն ՀՔԾ–ում։ Հետևաբար ԱԱԾ–ում հետագա բոլոր գործողությւոններն ապօրինի են։ Նաև լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, որ սա քաղաքական գործընթաց է։ Փաստաթղթերը հայտնաբերվել են 2019թ. փետրվարի 5–ին։
Փետրվարի 6–ին կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց ա տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, որ ընտրողների ձայներ ա գնվել, պատասխան չի հնչել և միայն հունիսի 5–ի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, վերհիշեցին, որ նման ինչ–որ հանգամանք կա և նույն անձին պետք է նորից հարցաքննել՝ հունիսի 8–ին։ Հարցաքննությունից նոր փաստական տվյալ չեն ստացել, արձանագրությունից է երևում։
Եվ այդ նույն փաստաթուղթը ամսի 10-ից զննում են ու գործ են հարուցում։ Այսինքն՝ կա մեկ փաստաթուղթ, որը փետրվարի 5-ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, հայտարարությունից հետո հանկարծ սկսեց պարունակել՝ առանց նոր փաստական տվյալի ձեռքբերման»:
Փաստաբանը վստահեցրեց, որ գործի հարուցման պահին հիմքում եղել է միայն այդ փաստաթուղթը։
Նաանդրադարձավ նաև Ծառուկյանի ելույթից հետո վարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը եւ ասաց. «Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց Մանե Գևորգյանը գրել է՝ կարծում ենք Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ թվում՝ ընտրակաշառքների վերաբերյալ։
Բայց այդ պահի դրությամբ նման քրեական գործ հարուցված չի եղել։ Սա առաջին փաստարկն է, որից ակնհայտ է, որ այստեղ քաղաքական երանգներ են առկա»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Նշենք նաեւ, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։