Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Իրենք շատ բան են ասում, իրենք գլուխը պատին են տալիս: Կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ, լրագրողների հետ զրույցում, Սահմանադրության նոր տեքստի մասին խոսելիս ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը:
«Հերիք է, բավ է: Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և ուզում ենք, որ ժողովուրդը որոշի, ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքի տերն եմ»-նշել է նա:
Գալյանն ասել է, որ մշակել են նախագիծ, որն ուզում են հանձնել ժողովրդի դատին։
«Կարող է՝ կարդում եք, տեսնում եք, որ շատ լավ նախագիծ է, որը, օրինակ, ավելի շատ հնարավորություն է տալիս ընդիմությանը, ավելի շատ լիազորություն է տալիս Ազգային Ժողովին և այդպիսով բալանսավորում է վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու՝ Ազգային ժողովի առջև, Գլխավոր դատախազությանը դարձնում է այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի իրացմամբ և այդպես շարունակ։
Հիմա ընդդիմությունը, չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում»-հավելել է Արդարադատության նախարարը:



