երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
   Ինձ համար հիմնարար քայլ կլիներ վարչապետի ամառանոցը վաճառելը և այդ միջոցները սոցիալական ծրագրերին ուղղելը. Սիրանույշ Սահակյան

Ինձ համար հիմնարար քայլ կլիներ վարչապետի ամառանոցը վաճառելը և այդ միջոցները սոցիալական ծրագրերին ուղղելը. Սիրանույշ Սահակյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը, որը իրավական ոլորտում մեծ փորձառություն ունի, կանխատեսում է, որ 2020-ին քրեական հետապնդումների ալիքը Հայաստանում  նոր թափ է ստանալու։ Նման կարծիք նա հայտնես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում։

Իսկ մինչ այդ, վերլուծելով անցած տարին, նշում է՝ 2019-ին Հայաստանի իրավական կյանքում երկու աննախադեպ իրադարձություն շշմեցրել են իրեն։  Իրադարձություններից մեկը դատարանների շրջափակումն էր, որը, հիշեցնենք, տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ մյուսը՝ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն էին՝ «ՍԴ կազմում իշխանական դրածո դատավորի ներմուծմամբ»։

«Այդ իրադարձությունները բնորոշ էին հետադիմական, թույլ իրավակարգ, մշակույթ ունեցող, թերի զարգացած անհատներ ունեցող հասարակություններին։ Դրանք եվրոպական երկրների համար աներևակայելի էին։ Պարզապես ամոթալի է, և իրավունքն ուսուցանողները հետագայում պետք է անթույլատրելի որակեն այս միջադեպերը։ Դրանք, որպես ամենավայրի, կոպտագույն օրինակ են մատուցվելու իրավաբան սերունդներին։ Այս առումով, ես, որպես ՀՀ քաղաքացի, ամոթ եմ զգում, որ այդ բացասական պրակտիկան ձևավորվել է իմ պետությունում, որը հավակնություն ունի իրավական կոչվելու», - ասում է Սիրանույշ Սահակյանը։

Նրա խոսքով, Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ կատարվողը չի տեղավորվում իրավական գործընթացների շրջանակում և ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։ Վաղաժամկետ կեսնաթոշակի անցնելու մասին օրենքը, քրեական հետապնդումները ՍԴ նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ և այս ամենի հանգուցալուծումը, նրա կանխատեսմամբ, լինելու ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի միաձուլումը։

2020-ին, նրա խոսքով, «կոռուպցիայի դեմ թվացյալ պայքարի քողի տակ» դատավորների գործունեության գրաքննություն, նաև՝ քրեական հետապնդումներ, որոնց նպատակը դատական իշխանությունը գործադիր իշխանությանը «100 տոկոսով ենթարկեցնելն է»։

Դիտարկմանը, թե արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը թվացյալ  է, այն դեպքում, երբ իշխանական թիմի անդամներն են այդ հիմքով քրեական հետապնդման ենթարկվում, կալանավորվում, ինչպես եղավ փոխնախարարների դեպքում, Սահակյանը արձագանքում է. «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն իր թիմի որոշ ներկայացուցիչներին զոհաբերել է ՝ թիմային ավելի մեծ շահերի համար։ Դա եղել է թե նախկին իշխանությունների օրոք, թե ներկա։ Նախկին իշխանությունների օրոք էլ ենք մենք տեսել դատավորների հետ կապված բացահայտումներ, փոխնախարարի, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետի և այլն, և այլն։ Նման դեպքեր տեսել ենք, կտեսնենք նաև ներկայում, բայց դրանք այն ցուցանիշները չեն, որ հասարակությունը զերծ է կոռուպցիայից կամ արմատախիլ են արվել կոռուպցիոն դրսևորումները։ Կոռոպցիոն դրսևորումները միայն կաշառք տալը չէ, կան քաղաքակա կոռուպցիայի շատ ավելի վտանգավոր տեսակներ և ես կարծում եմ՝ դրանց դրսևորումները ոչ միայն չեն նվազել, այլ ավելի վառ արտահայտված կլինեն»։

Այդուհանդերձ, Սահակյանը, երկրի միջազգային վարկանիշի բարձրացման, հասարակության բարեկեցության բարելավման առումով 2020-ից մեծ ակնկալիքներ չունի, քանի որ դրան ուղղված «հիմնարար քայլեր» չեն իրականացվում։

«Ինձ համար հիմնարար քայլ կլիներ վարչապետի ամառանոցը վաճառելը և այդ միջոցները սոցիալապես անապահով կամ աղետի գոտու ընտանիքների բարեկեցությանն ուղղելը կլիներ։ Երբ ես դուրս եմ գալիս փողոց, ինձ համար տարեց խմբի դեմքի արտահայտությունն ու հագուկապն ու սոցիալական դրությունը այն ցուցանիշն է, որը խոսում է պետության իրական հզորության մասին։ Ցավալի է, որ մեր թոշակառուները մեր երկրում իրենց ապահով չեն զգում և լավ կլիներ, որ ինտենսիվ ծրագրեր իրականացվեին ու հարկատուների ավելացած միջոցները ուղղվեին անապահով խմբի բարեկեցության բարելավմանը», -նշում է Սահակյանը։

 

  • Կիսվել: