հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչպես պատերազմի ժամանակ փրկել մշակութային ժառանգությունը. ՀՀ-ում դասընթացներ կանցկացվեն

Ինչպես պատերազմի ժամանակ փրկել մշակութային ժառանգությունը. ՀՀ-ում դասընթացներ կանցկացվեն

2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում մշակութային ժառանգության անվտանգային խնդիրները լուծելու համար ոլորտի մասնագետները միջազգային փորձի, մասնագիտական դասընթացների կարիք ունեն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) նախագահ Հայկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ դեռևս 2020 թվականին 44–օրյա պատերազմի ընթացքում «ԻԿՕՄ Հայաստանն» իր հնարավոր բոլոր լծակներով փորձում էր միջազգային հանրության, մասնագիտական հանրույթի ուշադրությունը սևեռել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը։

«Այդ քայլերը բարեհաջող ավարտվեցին և 2022 թվականին կարողացանք մեծամաշտաբ դասընթաց կազմակերպել տեղի մասնագետների համար և ներգրավեցինք միջազգային գործընկերների»,–ասաց Մկրտչյանը։

2023 թվականի դեկտեմբերից, արդեն, Հայաստանում մեկնարկել է «Համախմբելով պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագիրը։

Հայկ Մկրտչյան խոսքով` ամեն ինչ արված է այնպես, որ Հայաստան հրավիրված միջազգային փորձագետները հայ մասնագետների հետ տեղում կարողանան համախմբել բնակչությանը, մշակույթի գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին։

Նա հույս ունի, որ տարվա վերջին օատրաստ կլինի մի ձեռնարկ–ուղեցույց, որը կոչվում է «Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը»։

Ձեռնարկն անվճար կբաժանվի բոլոր գիտական հաստատություններին, թանգարաններին, գրադարաններին։

Թանգարանների միջազգայի խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ Արմինե Բաչաչյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի առաջին փուլում իրականացվել են նպատակային այցեր Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզեր` ծրագրով ընտրված 12 թանգարաններում ուսումնասիրություններ կատարելու համար։

«Տեղի փորձագետների հետ մշակվել է ռիսկերի և կարիքների գնահատման հարցաթերթ, որն ուղարկվել է համապատասխան թանգարաններին։ Հարցաթերթը բաղկացած է 5 բաժնից և պարունակում է տեղեկատվություն թանգարանի մասին մասնավոր և ընդհանուր բնույթի, որը հետագայում կօգնի առավել ճշգրիտ ձևով հասցեագրել այն կարիքները, որոնք հատկապես տեսանելի են ճգնաժամային իրավիճակներում թանգարանների աշխատակիցներին օգնելու` հավաքածուներն անվնաս տեղափոխելու համար»,–ասաց նա։

Առաջին 2 դասընթացն անցկազմելու է Եղեգնազորում ապրիլի 14-15–ը և Գորիսում` ապրիլի 16-18–ին։

Հավելենք, որ «Համախմբելով պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագիրն իրականացվում է «Եվրազիա» համագործակցության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով։

Դասընթացը կվարեն միջազգային փորձագետները, դասընթացներին կմասնակցեն նաև փրկարար ծառայությունների աշխատակիցներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

  • Կիսվել: