ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. կտրել են սպանված զինծառայողների ականջները. ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. կտրել են սպանված զինծառայողների ականջները. ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, դաժանություններ են տեղի ունցել. փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել, այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել», - ասաց Թաթոյանը։

Զեկույցում, պաշտպանի խոսքով, կցված են լուսանկարներ այն մասին, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել։ 

«Այստեղ կարևորն այն է, որ մենք փաստերի իդենտիֆիկացում ենք արել, որոնք նախ և առաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլև մարմինների մասերի նկատմամբ», - ասաց Արման Թաթոյանը՝ մատնանշելով էկրանին ցուցադրված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի պատերազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները:

«Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են: Այս դեպքը տեղի է ունեցել Կովսականում», - հայտնեց Հայաստանի օմբուդսմենը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված արտահերթ զեկույցում մանրամասներով նկարագրված է նշված գործողություններն իրականացրած ադրբեջանցի սահմանապահ ծառայողների համազգեստը, սպառազինությունը: Ընդ որում, հաջողվել է պարզել նրանցից որոշների ինքնությունը:

«Զեկույցում հատուկ լուսանկարներով ցույց է տրված, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել են: Մեր իդենտիֆիկացումը ապացուցում է, որ դա տեղի է ունեցել, օրինակ, թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը: Իսկ այն, որ նաև սպանված զինծառայողներին քաշել են սպանված կամ կենդանի վիճակում, կապել են մեքենայից, դա ակնհայտ է դառնում, երբ մենք մանրամասն վերլուծում ենք նրանց հագուստների վիճակը, մարմնական վնասվածքները, տեղակայումը և այլն», - նշեց Թաթոյանը:

Մեկ այլ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական սահմանապահ ծառայողները Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի դիմաց: Հայ իրավապաշտպանները ուսումնասիրել են նաև նրանց զենքերը: Նշված ադրբեջանցի զինծառայողները զինված են եղել ադրբեջանական արտադրության «Խազրի» ինքնաձիգերով: Իրավապաշտպանները պարզել են, որ նշված ինքնաձիգերով զինված սահմանապահ ծառայողները և Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանական զինծառայողները նույն ինքնաձիգերով են զինված եղել:

«Զեկույցում, որը կհրապարակվի, գույներով, իդենտիֆիկացնող առանձնահատկություններով նկարագրված է այս համազգեստը: Սրանք նաև այն զինծառայողներն են, որոնք այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ընկած ճանապարհներին, և նաև նշվում է, որ պետք է տեղակայվեն նաև գյուղերի հարևանությամբ», - հավելեց Արման Թաթոյանը:

 

  • Կիսվել: