հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սերժ Սարգսյան

Հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով երկու վկայի՝ Հայաստանի սահմանը լքելու հանգամանքը ճշտելու համար հարցում կկատարվի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հարցաքննվեր գործով առանցքային վկա Սևան Քոչարյանը. նախորդ նիստին չներկայանալու պատճառով դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ինչը ոստիկանները չեն կատարել: Դատարանը կդիմի ոստիկանապետին՝ հանգամանքները ճշտելու համար:

Մյուս վկայի փաստաբանն էլ դատարան գրություն էր ուղարկել՝ նշելով, որ իր վստահորդը անձնական խնդիրների պատճառով բացակայում է երկրից: Սա ևս դատարանը կճշտի:

Վկաների բացակայության պատճառով դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով դատականի նիստի ժամանակ դատարանի բակում էին հավաքվել նրա կուսակիցները, գործընկերները, համակիրները։ Երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել հավաքածներին։

«Շնորհակալ եմ, որ եկել եք»,- ասել է Սարգսյանը, ինչին ի պատասխան՝ դատարանի բակում հավաքածներն արձագանքել են․ «Միշտ կգանք, միայն, թե վերջանա այս գործը»։

Ի պատասխան՝ երրորդ նախագահը նշել է․ «Միշ՞տ, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու»։

Հիշեցնենք, որ դիզվառելիքի մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով, Սերժ Սարգսյանից բացի, անցնում են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

  • Կիսվել: