կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ դատախազությունը Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գևորգ Սիմոնյանը։
 
«Տեսնենք, թե վճռաբեկ դատարանն ինչ որոշում կկայացնի»,–ասաց նա։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց։
 
«Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով: Ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»,–ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 27–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Սիմոնյանը ազատ է արձակվել։
 
Խաչատրյանը նշել էր, որ դատավորը հակիրճ ասել է` նման որոշում է կայացրել, քանի որ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված։ Այդ է պատճառը, որ Սիմոնյանի նկատմամբ այլ խափանման միջոց չի կիրառվել։
 
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
 
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։

  • Կիսվել: