կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայտնի են Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը

Հայտնի են Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը

Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը:

Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:

«Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,-ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,-ասաց Կիրակոսյանը:

Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում:

«Կարծում եմ՝ ապացույցները, որ ներկայացվել են շատ համոզիչ են, իրավական փաստարկները նույնպես: Եթե նմանատիպ հիմնավորվածություն չլիներ, կարծում եմ, Հայաստանը  չէր ներկայացնի գանգատ»,-վստահեցրեց Կիրակոսյանը:

«Միայն այն հանգամանքը, որ մենք արդեն ունենք միջազգային իրավական պրոցես ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ Հայաստանը շատ հստակ ներկայացնում է իր պահանջներն ու իրավական հիմնավորումները, կարծում եմ, ինքնին ունենալու է բավականին էական ազդեցություն՝  միջազգային հանրային կարծիքի ձևավորման, ճիշտ միջազգային հանրային մթնոլորտի վրա»,-ասաց նա:

  • Կիսվել: