կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90:

Այս համատեքստում շատ դրական է գնահատվում այն, որ Հայաստանը դատական համակարգի անկախության առումով առաջատար է հարևան երկրների շարքում:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել ու ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները:

Արևելյան գործընկերության ինդեքսը չափում է վեց երկրների առաջընթացը՝ կայուն ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Ցուցանիշը չափում է լավ կառավարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ներառյալ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ հարգանքի ու պաշտպանության մակարդակը, կայուն զարգացումը և Եվրամիության հետ ինտեգրումը:

Այս գործիքի նպատակն է բացահայտել ոլորտները, որտեղ բարեփոխումներն առաջընթաց են ապրում կամ հետ են մնում, ինչպես նաև առաջարկություններ են մշակում, որոնք կուղղորդեն երկրներին բարեփոխումների գործընթացում: Ցուցանիշը կարող է նաև օգնել բացահայտելու այն ոլորտները, որտեղ մտավախություն կա, որ առաջընթացը կդանդաղի կամ նույնիսկ կփոխվի:

  • Կիսվել: