չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է

Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ։

Նրա պատշտպան Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ՝ ինքը դատարան է դիմել Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինելու ավելի մեղմ խափանման միջոցով։

Նա տեղեկացրեց նաև, որ բժիշկները Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար են գնահատում։ Նա շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով անցնում են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ կալանքի տակ է նաեւ Դավիթ Տոնոյանը, իսկ Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

  • Կիսվել: