ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2 թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2 թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։

Քննությամբ հիմնավորվել է, որ 2021թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ, ընդգրկված լինելով «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում որպես պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատող, մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են։ Մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները մինչ այդ մեկնել են ՀՀ-ից, այսինքն՝ 2 պատվաստումների ժամանակ  ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել: Արդյունքում «ARMED» համակարգ է մուտքագրվել նրանց՝ «Covid-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը հիշյալ քաղաքացիներին իրավունք է վերապահել խուսափելու «Covid-19» դեմ պատվաստված չլինելու դեպքում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս  առկա սահմանափակումներից։

Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով քրեական վարույթի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Դրանում թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու  վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեականօրենսգրքի 457-րդհոդվածի 1-ինմասով (7 դրվագ), մյուսին՝ ՀՀ քրեականօրենսգրքի 457-րդհոդվածի 1-ինմասով (1 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: