հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Բելգիայում բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանող է բերման ենթարկվել

Բելգիայում բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանող է բերման ենթարկվել

Բելգիայի կրթական համակարգում տիրող իրավիճակի դեմ բողոքելու նպատակով ցույցի դուրս եկած 107 ուսանողի Լիեժ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել: Այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Լիեժում բողոքի գործողության մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը։ Ցույցեր են ընթանում նաև Բելգիայի այլ քաղաքներում։ VRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 7-ին կրթական քաղաքականությունից դժգոհող մոտ 250 մարդ է մասնակցել բողոքի երթին։Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նմանատիպ պահանջներով ցույցեր են ընթանում նաև հարևան Ֆրանսիայում։ Այդ երկրի ազգային կրթության նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին դասերը լիովին կամ մասնակիորեն չեղարկվել են 459 ուսումնական հաստատություններում։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղեկացրել է, որ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ։

  • Կիսվել: