ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են

Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են

44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների ծնողները կրկին հավաքվել են Գլխավոր դատախազության դիմաց:

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ հավաքվել են եւ սպասում են գլխավոր դատախազի պատասխանին, որը նա խոստացել էր տալ 5 օրում եւ այդ 5 օրը լրացել է: «Նա խոստացավ ասել, թե ինչ են ձեռնարկելու, որ սկսեն գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ ապա նրանց, որոնք մեղավոր են պատերազմի այսքան կարուստների համար: Նաեւ եկել ենք շարունակելու մեր միջնորդությունները ներկայացնել, որ մեզ ներգրավեն որպես տուժող կողմ:

Ի վերջո, մեզ՝ ծնողներիս, պատասխան տալո՞ւ են, թե ովքեր են մեղավոր, որ պատերազմում մեր երեխաները զոհվեցին այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բեմից հայտարարում է, որ այո, կարող էին զոհեր չունենալ, եթե կանգնեցնեին պատերազմը, նույն ելքը կունենայինք, բայց առանց զոհերի: Այսինքն խոստովանում է, որ ինքը մեղավորն է 5 հազար զոհերի:

Հետեւաբար, մենք պահանջում ենք գլխավոր դատախազից, որ իջնի այստեղ եւ ասի՝ 5 օրն անցավ, ի՞նչ է պատասխանում: Թող ասեն, թե այդ 5 օրում ինչ արեցին, ինչ ընթացքում է գործը, որ մենք էլ հասկանանք, թե ինչի պետք է սպասենք եւ ճշտենք մեր հետագա ան ելիքները»,-ասաց նա:

Տոնոյանը վստահեցրեց, որ ծնողները այլեւս ոչ մեկին հանգիստ չեն տալու. «Չի կարող այսպիսի ահռելի հանցագործություն տեղի ունենալ եւ ոչ ոք չպատժվի: Մենք գիտենք, որ տեղի է ունեցել դավաճանություն, եւ պետք է գործ հարուցվի եւ պարզվի՝ դավաճանություն եղել է, թե ոչ: Եթե Նիկոլ  Փաշինյանը մեղավոր չէ, ապա ինչի՞ց է վախենում: Եթե պարզվի, որ ինքը մեղավոր չէ, թող մեզ տան մեղավորներին»:

  • Կիսվել: