շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամիս ներկայանալ ՀՔԾ

Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամիս ներկայանալ ՀՔԾ

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա հրաժարվել է պատասխանել այլ հարցերի:

Գևորգ Կոստանյանը դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Բայց հայտնի չէ՝ ինչ կարգավիճակով է Կոստանյանը հրավիրվել ՀՔԾ: Միայն հայտնի է, որ նա ՀՔԾ հրավիրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Հիշեցնենք՝ Սարգսյանին մեղադրանքն առաջադրվել էր պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործություն պարտակելու հոդվածներով։ Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

  • Կիսվել: