չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գերության մեջ հայտնված ևս վեց զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան

Գերության մեջ հայտնված ևս վեց զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Այս մասին ասվում է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի տարածած հաղորդագրության մեջ։

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ։

  • Կիսվել: