ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերեզմանատան կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի գործով 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Գերեզմանատան կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի գործով 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, եղբոր և նրա ընկերուհու հասցեին «Ինստագրամ» սոցիալական ցանցի համապատասխան էջից վիրավորական գրառումներ կատարելու համար 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին պատժելու շուրջ նախնական համաձայնության գալով 31-ամյա համաքաղաքացու և մի խումբ անձանց հետ, 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:00-14:40-ի սահմաններում, հիշյալ գերեզմանատան ավտո­կայանատեղիում, ապօրինի ձեռք բերված և պահած «AK-47» տեսակի հրազենով կրակոցներ է արձակել «Mercedes G» և «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենաների մեջ գտնվող՝ վերոնշյալ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ իրական վտանգ ստեղծելով այնտեղ հավաքված այլ անձանց կյանքի համար:

Միևնույն ժամանակ 37-ամյա տղամարդն իր հանցակիցներին հրահանգել է ամեն կերպ կասեցնել վերոնշյալ ավտոմեքենաների ընթացքը: Վերջիններս կրակոցներ են արձակել «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով այն: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը, 27-ամյա երիտասարդի և նրա ընկերների փախուստը դեպքի վայրից կանխելու նպատակով, իր կողմից վարած «VAZ 21099» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ բախվել է «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենային, սակայն ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին հաջողվել է հեռանալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

  • Կիսվել: