չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գազալցակայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գազալցակայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
 
Պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրից, և գազալցակայանի լիցքավորող 31-ամյա աշխատակիցը՝ նույն համայնիք Իրինդ բնակավայրից։ Վերջիններս տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառվել) նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Բուժօգնություն ստանալուց հետո վնասվածքներ ստացած բոլոր 4 անձինք բուժհաստատությունից դուրս են գրվել։
 
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները՝ դեպքի հանգամանքները, պայթյունի առաջացման պատճառը լիարժեք պարզելու նպատակով։ Արդեն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
 
Քննության առարկա է դառնալու նաև գազաբալոնի՝ սահմանված կարգով ստուգում և ճնշափորձարկում անցած լինելու, լիցենզավորված լինելու հանգամանքը։

  • Կիսվել: