ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գարիկ Գալեյանի գործով հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները

Գարիկ Գալեյանի գործով հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Դատարանում Գալեյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Բացման խոսքով հանդես եկավ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ այդ մեղադրանքով պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների նպատակ է հետապնդել նսեմացնել Գարիկ Գալեյանի անձը, նրա պատիվն ու հեղինակությունը, պիտակավորել նրան որպես թմրամիջոց իրացնող անձ․

«2023 թվականի ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հասարակական կարգը խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով նա թքել էր անձի աչքին։ ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ այդ դեպքն իր մեջ հանցակազմ չի պարունակում։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ալեն Սիմոնյանի կողմից անձի դեմքին թքելը չի համարվում խուլիգանություն, իսկ Գարիկ Գալեյանի դեպքը համարվում է խուլիգանություն։ Մենք այդ պարզաբանումը վարույթն իրականացնող մարմիններից չենք ստացել»։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ Գալեյանին առաջադրված մեղադրանքն օրինական չէ։

Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Նախաձեռնված վարույթից հետո Գալեյանը կալանավորվեց, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ որպես գրավ կիրառվեց 2 միլիոն դրամը և տնային կալանքը։

 

  • Կիսվել: