ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Եվրաջասթ»-ը կաջակցի Հայաստանին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում

«Եվրաջասթ»-ը կաջակցի Հայաստանին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրին:

«Եվրաջասթ»-ը ԵՄ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է,որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել «Եվրաջասթ»-ի և ՀՀ իրավասու մարմինների միջև ծանր հանցագործությունների, մասնավորապես, ի թիվս այլնի, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը: Համաձայնագրով «Եվրաջասթ»-ը կաջակցի ՀՀ-ին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կողմից ներկայացնել կոնտակտային անձ՝ որ կապահովի («Եվրաջասթ»-ՀՀ հաղորդակցությունը, ինչպես նաև Համագործակցության հարցերով դատախազ, ով կարող է ունենալ օգնական(ներ):

«Եվրաջասթ»-ն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստր:

Համաձայնագիրը հնարավորություն է տալու միմյանց փոխանցել անձնական տվյալներ (այդ թվում՝ ԵՄ զգայուն կամ կարևոր ոչ զգայուն տեղեկությունների փոխանակում): Տեղեկատվության փոխանակման արդյունքում անձին վնաս պատճառելու դեպքում ենթադրվում է ֆինանսական հատուցում:

  • Կիսվել: