երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ես գիտեմ, որ Արթուր Վանեցյանը կանգնած է եղել այս գործի գլխին. Դավիթ Սանասարյան

Ես գիտեմ, որ Արթուր Վանեցյանը կանգնած է եղել այս գործի գլխին. Դավիթ Սանասարյան

«Ես չեմ իմացել, որ իմ աշխատակիցները ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվել, ես որևէ մեխանիզմ չեմ ունեցել՝ դա ստուգելու համար և հավատացել եմ աշխատակիցների հավաստիացումներին։ Եվ միայն հետագայում քրեական գործով եմ իմացել, որ ձեռնարկատիրությամբ են զբաղվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ այդ մասին հայտնել է դատարանում։

«Ես նախորդ նիստին ասել եմ, որ այդ ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, մինչև աշխատանքի ընդունելը նրանցից տեղեկություն իմանա, բայց մերժում եմ ստացել, որ դա օրինական չէ»,- հավելեց Սանասարյանը։

Նա նշեց՝ էական է այն, որ իրենց գործունեությունը եղել է պետության շահը սպասարկելը․ «Անկախ ամեն ինչից՝ մեր աշխատանքի արդյունքում պետությունը շահել է, բացի այդ, որ խախտում ենք արձանագրել, նաև 250 մլն դրամ պետությունը շահել է դիալիզի սարքավորումների գնումների արդյունքում, սակայն իմ լիազորությունները կասեցվել են միայն դրա համար»։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի վարչապետի այն հայտարարության մասին, թե իրավապահ համակարգում դավաճաններ կան, հաշվի առնելով այն, որ ինքը բազմիցս հայտարարել է՝ իր գլխին քրգործը սարքվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, Դավիթ Սանասարյանը արձագանքեց. «Իրավապահ մարմիններն այն օղակներ են, որտեղ շատ քիչ փոփոխություն է եղել։ Կարելի է ասել՝ փոփոխության չեն ենթարկվել, բովանդակային առումով նույն աշխատակիցներն են։ Ես չեմ ասում՝ զուտ Արթուր Վանեցյանն է գործ սարքել, բայց ես գիտեմ, որ նա կոնկրետ կանգնած է եղել այդ գործի հենց գլխին։ Իր մասին չեմ ուզում խոսել, անգամ դատարանում չեմ ուզում խոսել»։

 

  • Կիսվել: