երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երթևեկելու ընթացքում ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով․ ՆԳՆ-ն խստացնում է վարչարարությունը

Երթևեկելու ընթացքում ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով․ ՆԳՆ-ն խստացնում է վարչարարությունը

Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայությունը  2023 թվականին արձանագրել է  տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք, որն, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման  Չիլինգարյանի, մտահոգիչ ցուցանիշ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են:

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ Արման  Չիլինգարյանի՝  ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի և վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, ապա իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր: Հիշեցնենք, որ ամրագոտին չկապելու դեպքում վարորդները կարող են տուգանվել 10 հազար դրամի չափով, ինչպես նաև բալային համակարգով տրամադրված 9 միավորից կհանվի 1-ը։

  • Կիսվել: