երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում մեկնարկեց անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդաժողովը

Երևանում մեկնարկեց անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդաժողովը

Երևանում  մեկնարկեց «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան միջազգային  խորհրդաժողովը, որը կազմակերպել է ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Բարձրաստիճան խորհրդաժողովն իրականություն է դարձել  Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երախտագիտություն հայտնելով  Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի գործընկերներին, որոնց  հետ սերտ համագործակցության արդյունքում կյանքի է կոչվել խորհրդաժողովը, ընդգծեց,  որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:

«Մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում դատախազների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ են անցկացվել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, դատախազական համակարգի անկախության, փողերի լվացման, կոռուպցիոն, ֆինանսական հանցագործությունների քննության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմաներով»,-ասաց Վարդապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեկնարկած  միջոցառումն իր արդյունավետությամբ մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը մանրամասնեց, որ խորհրդաժողովը նպատակ է հետապնդում նախևառաջ քննարկել եվրոպական ստանդարտների, դատախազների դերը կոռուպցիայի, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև կիսվել պրակտիկ աշխատողների միջև լուծումների և հմտությունների փորձով։

  • Կիսվել: