Դեռ մեկ ամիս առաջ ինձ «խորհուրդ են տվել» հեռացման դիմում գրել. Վիրաբյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում խախտումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում տնօրեն Ամատունի Վիրաբյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից:
Այսօր Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրեն դեռ մեկ ամիս առաջ են ՛՛խորհուրդ տվել՛՛ հեռացման դիմում գրել` հասկացնելով, որ հակառակ դեպքում կարող են որոշակի հետեւանքներ լինել:
Վիրաբյանի խոսքով՝ չի բացառվում, որ աշխատանքից իր հեռացումը պայմանավորված լինի քաղաքական որոշմամբ:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միգուցե արդարադատության նախարարը լիովին չի ծանոթացել այն օրենքին, որով ինձ հեռացրեցին աշխատանքից, կամ հապճեպ որոշում է կայացրել, քանի որ այդ հիմքով ինձ պետք է աշխատանքից հեռացնեին դեռ 2018-ի օգոստոսին, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք հիմա դա հիշեցին:
Խնդիրն այն է, որ, ըստ օրենքի, ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց դա մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը բյուջեով նախատեսված չէր: Այս ընթացքում մեր բյուջեն աճել է 20 տոկոսով, որտեղից էլ վճարվում են հարկերը: Եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա հանրապետության բոլոր ՊՈԱԿ-երը ստուգումների դեպքում նույն խնդրի առաջ են կանգնելու՛՛:
Վիրաբյանը միևնույն ժամանակ նշեց, որ այլ ՊՈԱԿ-ներում ևս նման խնդիր է առաջացել, սակայն միայն իրեն են այս խնդրի պատճառով հեռացրել աշխատանքից: