Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ
Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչն այսօր մերժել է նրա պաշտպանների բողոքը, գրում է 1lurer.am-ը:
Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:
Խոսելով այսօրվա որոշումից՝ Դավիթ Գալստյանի պաշտպանը հայտնել է, որ հիմքերը ուսումնասիրելուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում:
Արմեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վաղը միջնորդելու են նախաքննական մարմնին՝ պարզելու համար, թե ինչու է անկատար թողնվել հրթիռների պիտանի լինել-չլինելու հարցը որոշելու նպատակով նշանակված փորձաքննությունը:
Գալստյանի պաշտպանն այսօր անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե այդ հրթիռները դեռ 2011-ին էին ներկրվել Հայաստան, սակայն նախարարությունը դրանք չէր գնել անսարքության պատճառով:
Արմեն Հարությունյան (Դավիթ Գալստյանի պաշտպան) - Նախկին նախարարի հայտարարությանը ես չեմ ուզում ընդհանրապես որևէ ձևով գնահատական տալ: Ես համարում եմ դա քաղաքական հայտարարություն և չեմ ուզում ընդհանրապես որևէ մեկնաբանում տալ: Ես ունեմ գործի նյութեր, որոնք տրամադրվել են մեզ: Գործի նյութերում չկա որևէ տվյալ, որ մատակարարված հրթիռները անորակ, անպիտան հրթիռներ են եղել: Մենք խոսում ենք ժամկետների մասին: Վերջիվերջո, պետք է հասկանանք՝ պահանջվել է 1985-1991 թթ. արտադրության հրթիռ: Դա ԽՍՀՄ արտադրության հրթիռ է: Ինչ պահանջվել է, դա մատակարարվել է: