շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կհարցաքննվի դատարանի աշխատակիցը

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կհարցաքննվի դատարանի աշխատակիցը

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 10-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը, գրում է Հետքը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված է: Դեկտեմբերի 18-ին դատարանը որոշեց երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:

Այս դատական նիստին հարցաքննվելու համար հրավիրվել էր վկա Մարիա Պետրոսյանը։ Նա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակից է:

Հիշեցնենք՝ Էրիկ Ալեքսանյանը 2022-ի սեպտեմբերի 17-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի միջոցով Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունները Շիրոյանն է քննել:

 

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը նախորդ նիստերից մեկով հրապարակել էր Մարիա Պետրոսյանի հեռախոսազանգերի ուսումնասիրությունների արձանագրությունը: Մարիա Պետրոսյանը Գագիկ Պողոսյանի հանձնարարությամբ 17:51-ին զանգել է Աջափնյակ-1 նստավայրի աշխատակիցներից մեկին և ասել, որ միջնորդության քննությունը մակագրվել է Արուսյակ Ալեքսանյանին, այնուհետև 17:57-ին Գագիկ Պողոսյանը զանգել է Մարիա Պետրոսյանին և հայտնել, որ Արուսյակ Ալեքսանյանին միջնորդությունները մակագրելու ընթացքում սխալ է թույլ տվել և հանձնարարել է հետ պահանջել միջնորդությունն ու ուղարկել վերամակագրման: Մարիա Պետրոսյանը կրկին զանգել է Աջափնյակ-1 նստավայրի աշխատակցին և փոխանցել Գագիկ Պողոսյանի ասածը:

Սակայն Գագիկ Պողոսյանը գրության մեջ նշել է, թե աշխատակիցը, որը ունեցել է պարտականություն վերամակագրման թերթիկը համապատասխան դատարան ուղարկելու, հայտնել է, որ այդ թերթիկը ծանրաբեռնվածության պատճառով չի հասել: Իսկ ամբաստանյալների համոզմամբ՝ դատարանի նախագահը լիազորություն չուներ հեռախոսազանգի միջոցով հետ պահանջելու միջնորդությունը, Արուսյակ Ալեքսանյանն էլ նման պարտականություն չուներ վերադարձնելու:

Խուզարկությունների վերաբերյալ արձանագրությունների ընթերցմամբ ևս պարզ էր դարձել, որ Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննության վերամակագրման թերթիկը չի հասել դատավոր Արմեն Շիրոյանի և Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմեր:

Էրիկ Ալեքսանյանը մեզ ասաց, որ վկայի ցուցմունքը առնչվելու է միջնորդության մակագրման վերաբերյալ հարցերին։ Իր կարծիքով՝ այս գործով վկայություններն այդքան էլ առանցքային նշանակություն չունեն։ Ալեքսանյանն ասում է՝ այս գործում կարևոր հանգամանքն այն է, որ վերամակագրման թերթիկը չի հասել Արուսյակ Ալեքսանյանին, հետևաբար՝ Արուսյակ Ալեքսանյանն իր լիազորությունները չի չարաշահել։

Դատախազ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազությունում աշխատանքային խորհրդակցություն ունի, դատարանը որոշեց վկային հարցաքննել հաջորդ նսիտի ընթացքում։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը նկատեց, որ Գլխավոր դատախազությունը խորհրդակցություն է հրավիրում Արուսյակ Ալեքսանյանի նիստին համընկնող ժամին, բայց Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու հարց եթե քննարկվի, Դատախազությունը դեմ կլինի խափանման միջոցի փոփոխությանը ու կառարկի, որ կալանքը փոխվի տնային կալանքով։

«Ես ցավում եմ, որ Գլխավոր դատախազի մոտ խորհրդակցությունը հրավիրվում է այն ժամանակ, երբ մենք ունենք վկայի հարցաքննության անհրաժեշտություն, և այդ թվում՝ վկայի հարցաքննված չլինելն է, որ խոչընդոտում է Արուսյակ Ալեքսանյանի ազատությանը»,- ասաց Մանուկյանը:

Այսօրվա նիստին դատարանը վերականգնեց նաև Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը։ Խափանման միջոցը վերացվել էր պայմանով, որ Ալեքսանյանը դուրս գա երկրից, և վերադառնալուց հետո վերականգնվի։ Ալքեսանյանը ինքն էր միջնորդել իր նկատմամբ խափանման միջոցը վերականգնելու մասին։ Միջնորդել էր նաև դատախազը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին՝ 15։00-ին։

  • Կիսվել: