ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական կայքից։
 
Դատարանի վճռի մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ չեն արվել 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։
 
Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։
 
«Ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստիև հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»-նշված է հրապարակված վճռում:
Հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
 
Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում էին Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:

  • Կիսվել: