երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազությունը Գեւորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել

Դատախազությունը Գեւորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ։ Տեղեկությունը հաստատում է Գևորգ Սիմոնյանը։

Գեւորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով: Ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում դեռեւս Գլխավոր դատախազությունում չի ստացել։

Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Ապրիլի 27–ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Սիմոնյանն ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։

  • Կիսվել: