երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն արդարությանը և արդարադատությանը հավատացող դատավորները․ վարչապետ

Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն արդարությանը և արդարադատությանը հավատացող դատավորները․ վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգի խնդիրների մասին՝ ընդգծելով, որ դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան:

 Վարչապետն այս մասին հայտարարեց, Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ։

«Երբեմն տպավորություն է, թե դատավարությունները կարող են տևել հավերժ, ու սրանում չափազանցություն չկա: Կան իրավաբաններ, ովքեր սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում, ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, և այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա: Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքներն ովքե՞ր պետք է պաշտպանեն։ Հանրությունը, որ բազում գործերով ճշմարտությունն իմանալու իրավունք ունի՝ մարդկանցից չէ՞ բաղկացած, կամ դատավարությունների անհարկի ձգձգումները Հայաստանի Հանրապետությունում մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը: Եվ՝ որպես մարդ, ով 2019 թվականին նախաձեռնել է դատարանների մուտքերի շրջափակելու ակցիան, սա դառն արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել ենք արդարադատության դռները բացելու համար: Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ պետք է անել այս իրավիճակում։ Վարչապետի համոզմունքը շարունակում է լինել այն, որ կառավարության անելիքը պետք է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը:

«Մենք պետք է կենդանի պահենք արդարության և արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պիտի պահեք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ: Այս գործընթացում էական է Ազգային ժողովի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: