հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում..ոստիկանության տեսանյութը

Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում..ոստիկանության տեսանյութը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների և ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է մտերիմը` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 62-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական վարկածի` տեխսպասարկման կետում այդ երեկո միասին հաց էին կիսել, խմել. օղին էր թունդ, թե այլ պատճառ կար` սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: