հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր՝ մարտի 30-ին, մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստին հայտարարեց, որ ոչ պատշաճ դատախազի մասնակցություն է ապահովվել սույն բողոքի քննությանը. «Նկատի ունենալով այն, որ այստեղ ոչ թե վիճարկվում է դատախազության անգործությունը դիմողների կողմից հաղորդման ընթացքը լուծելու վերաբերյալ»:

Դատախազն իր անհամաձայնությունը հայտնեց ներկայացված դիրքորոշման հետ, նշելով, որ ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, եւ նշված քրեական վարույթի շրջանակներում ինքը հանդիսանում է որպես հսկող դատախազ:

Դատավորը հայտարարեց, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմ է ստացվել բողոքի վերաբերյալ նյութերը, որին պետք է կողմերը ծանոթանան: Այդպիսով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 17-ին:

Դատական նիստից հետո Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն:

Նա հայտնեց, որ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ եւ 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակն առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»:

  • Կիսվել: