չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չալաբյանի վերաբերյալ կայացված դատավճռի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Չալաբյանի վերաբերյալ կայացված դատավճռի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 21-ին, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացված դատավճռի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց՝ այլ դատական նիստ ունենալու հիմքով։

Դատական նիստը նշանակվեց մայիսի 2-ին՝ 16։00։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանին դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման, որից հաշվանցվեց կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս, ըստ որի՝ նրան արգելվեց կազմակերպել եւ մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաեւ փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։

Նշենք, որ դատավճիռը Չալաբյանի փաստաբանները բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ Այժմ դատարանը քննելու է փաստաբանների ներկայացրած բողոքը։

«Սկզբից մինչեւ վերջ քաղաքական հետապնդում հանդիսացող այս գործով կայացված դատավճռով սահմանված պատժատեսակը բավականին խոսուն է: Դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- դատավճռի առնչությամբ գրել էր Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, թե ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ:

  • Կիսվել: