Բյուրեղավանցու աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հրացան է հայտնաբերվել
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան քաղաքում գործող ընկերություններից մեկի աշխատակիցն իր աշխատասենյակում ապօրինի զենք է պահում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ապրիլի 11-ին, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, 68-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ստուգման ժամանակ նշված աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել և առգրավվել է առանց գործարանային համարի երկփողանի որսորդական հրացան:
Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: