երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. ՀԿ–ների հայտարարությունը

Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. ՀԿ–ների հայտարարությունը

Հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպություններ ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից պահանջում են իրականացնել անկախ և արդյունավետ քննություն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին։
 
Այդ մասին ՀԿ–ներն այսօր հայտարարություն են տարածել` անդրադառնալով ոստիկանների կողմից բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացրած գործողություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 27–ի վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ 
 
«Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական կարգի պահպանման ինչ նկատառումներով, բայց հստակ է, որ ՀՀ ՆԳՆ–ն պարտավոր է բացատրել և հիմնավորել ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների այդտեղ գտնվելու և գործողություններ իրականացնելու նպատակները»,– նշված է հայտարարության մեջ։
 
ՀԿ–ները ևս մեկ անգամ փաստում են, որ իրավապահ մարմինների աշխատակիցների արդեն սովորական դարձած վարքագիծը չի փոխվում․ շարունակվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։
 
«Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկար ժամանակ համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը։ Ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքը չի կարող որևէ կերպ արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները»,– նշում են ՀԿ–ները։
 
Իրավապաշտպան կազմակերպությունները ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից նաև պահանջում են ոստիկանության այս ծառայողների նկատմամբ ապահովել քննության թափանցիկություն և հանրությանը պատշաճ իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին՝ բացառելու անպատժելիության ընկալումը հասարակության շրջանում։
 
Ինչ վերաբերում է ՆԳՆ–ին, ապա ՀԿ–ները կարծում են, որ նախարարությունը պարտավոր է ոստիկանության շարքերից անհապաղ հեռացնել այն ծառայողներին, որոնք չեն համապատասխանում օրենքով սահմանված չափանիշներին։
Կազմակերպությունները միաժամանակ նշում են, որ ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային։

  • Կիսվել: