հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դատարանին   Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացնելու

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դատարանին Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացնելու

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու   երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու  Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Աշոտյանի շուրջ տասն ամիս ձգվող կալանքը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է։ Արմեն Աշոտյանի արդարացի ու թափանցիկ դատաքննության կոչով հանդես է եկել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել վերջինիս։

Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները և ԱԺ ՔՊ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։

Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Վազեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքին չի կարող և չպետք է անտարբեր մնա մեր երկրում իրական ժողովրդավարության ձգտող որևէ քաղաքացի։

Աժ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորության բավարարումը, Աշոտյանի և մյուս քաղաքական բանտարկյալների կալանքից ազատ արձակումը կմեղմի ներքին չարությունը և լարվածությունը:

  • Կիսվել: