շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն

ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հիշեցրեց, որ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում երեք զինված անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք, նրանցից երկուսը իրենց իսկ գործադրած նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկի հետ ոստիկանները բանակցում էին։ «Նրան րոպեներ առաջ վնասազերծեցին և տեղափոխեցին ներս»,- հայտարարեց Սարգսյանը։

«Ինչ-որ տեղ գրվել էր, որ տուժած ոստիկաններ կան։ Ուզում եմ հայտնել, որ տուժած ոստիկաններ չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասազերծման հետևանքով որևէ տուժած չկա։

Թե ինչ պահանջներ է ներկայացրել զինված անձը, Նարեկ Սարգսյանը դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ հնչել են անհասկանալի պահանջներ։

Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ վնասազերծված անձը եղել է ոչ ադեկվատ վիճակում։

ՆԳՆ խոսնակը նշեց, որ դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ, իսկ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցին պատասխանեց, որ այդ մասին կհայտնի ՀՀ քննչական կոմիտեն։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել   էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 

  • Կիսվել: