շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այլ դատական ակտ չի կարող լինել, քան արդարացումը․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Այլ դատական ակտ չի կարող լինել, քան արդարացումը․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Մենք համոզված ենք, որ արդարադատությունն այս գործով վերականգնվելու է, եւ համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս գործն ի սկզբանե, ընդհանրապես, չի ունեցել հանցագործության դեպք իր մեջ: Սա աբսուրդ է, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք եւ փաստերով ներկայացրեցինք»:

Խոսելով այն մասին, թե ինչ ակնկալիք ունի դատարանից՝ պաշտպանը պատասխանեց. «Ես ոչնչից ակնկալիքներ չունեմ, իմ ակնկալիքները փաստերից են: Հայաստանում իրականացվող արդարադատությունից, գլոբալ առումով, ես ակնկալիքներ չունեմ, այն արդարադատությունից, որ իրականացվում է այսօր: Մենք գիտենք քաղբանտարկյալների մասին, կարվող գործերի մասին, գիտենք այն ամենի մասին, ինչ կատարվում է: Ընդհանրապես, նիկոլփաշինյանական արդարադատության մասին բոլորս լավ գիտենք: Այդ առումով արդարադատությունը Հայաստանում վրա է հասնելու այս մարդկանց գնալուց հետո: Չեմ ուզում օգտագործել «իշխանություն» բառը, քանի որ այստեղ ես իշխանություն չեմ տեսնում»:

Լրագրողների դիտարկմանը, թե դատավոր Վահե Միսակյանին հենց Սերժ Սարգսյանն է նշանակել դատավոր, Մակինյանն ասաց. «Պարոն նախագահը դատավոր է նշանակել մի քանի հարյուր դատավորների: Այստեղ չենք անձնավորում, թե ով է նշանակել դատավոր»:

Ինչ վերաբերում է բուն գործի, նա ասաց. «Ես փնտրել եմ այս գործում իրավական բաղադրիչ ու չեմ գտել: Բացի օգտագործվող հասկացությունները՝ քրեական գործ, դատարան, մեղադրանք, վարույթ, պաշտպան, դատախազ, այլ իրավական բաղադրիչ չեմ գտել: Այս գործը ի սկզբանե քաղաքական փաթեթավորմամբ գործ է: Դուք ինչպե՞ս եք գնահատում փաստը, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կազմած, ստորագրած, քննիչի սեղանի վրա շրջած դրած, անձին կանչում են ու հարցաքննում որպես վկա: Դա նորմա՞լ է:

Այս քրեական գործի մահը կադզդարարվի այն ժամանակ, երբ իրական քննություն կսկսվի ու այն մարդիկ, որոնք այս գործը փաթեթավորել են, «թխել» են ու վառել են, իրենք պատասխան են տալու սերունդների, հետո էլ Աստծո առաջ»:

Նշենք, որ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով էին հանդես եկել 3-րդ նախագահի պաշտպանները։

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբև Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

  • Կիսվել: